Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 4

:
Armenian - 2018
1 Եվ Սողոմոն թագավորը թագավոր էր ամբողջ Իսրայելի վրա։
2 Եվ սրանք էին նրա գլխավոր պաշտոնյաները. Սադովկի որդի Ազարիան՝ քահանա,
3 Սիսայի որդիները՝ Ելիքորեփը և Աքիան՝ քարտուղարներ, Աքիուդի որդի Հոսափատը՝ ատենագիր,
4 Հովիադայի որդի Բանեան՝ հրամանատար, Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ,
5 Նաթանի որդի Ազարիան՝ կուսակալների վերակացու, Նաթանի որդի Զաբուդը՝ քահանա և թագավորի բարեկամ,
6 Աքիսարը՝ պալատի վերակացու և Աբդայի որդի Ադոնիրամը՝ հարկադիր աշխատողների տեսուչ։
7 Սողոմոնը տասներկու կուսակալներ ուներ ամբողջ Իսրայելում, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս պարեն էր տալիս թագավորին և նրա տանը։
8 Սրանք էին նրանց անունները. Բենովրը՝ Եփրեմի սարում,
9 Բենդակիրը՝ Մաքասում և Սաղաբիմում, Բեթսամյուսում և Ելոն-Բեթանանում,
10 Բենհեսեդը՝ Արարովթում. նրանն էր Սոքովը և Ոփերի ամբողջ երկիրը։
11 Բենարինադաբը՝ ամբողջ Դովրի գավառում. Սողոմոնի աղջիկ Տափատը նրա կինն էր։
12 Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքում, Մակեդդովում և ամբողջ Բեթսանում, որը Սարթանի մոտ է, Եզրայելից ներքև, Բեթսանից մինչև Աբելմաուլա և մինչև Հեկմանի մյուս կողմը։
13 Բենգաբերը՝ Ռամովթ-Գաղաադում. նրանն էին Մանասեի Հայերի գյուղաքաղաքները, նրանն էին Բասանում գտնվող Արգովբի գավառը Բասանում և վաթսուն մեծ ու պարսպապատ և պղնձանիգ քաղաքներ։
14 Ադդովի որդի Աքինաբադը՝ Մանայիմում,
15 Աքիմաասը՝ Նեփթաղիմում. սա էլ կնության էր առել Սողոմոնի աղջիկ Բասեմաթին։
16 Քուսիի որդի Բաանան՝ Ասերում և Բաալոթում,
17 Փարուայի որդի Հոսափատը՝ Իսաքարում,
18 Էլայի որդի Սեմեին՝ Բենիամինում,
19 Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում՝ ամորհացիների Սեհոն թագավորի և Բասանի Ովգ թագավորի երկրում. այդ երկրում մեկ կուսակալ կար։
20 Հուդայի և Իսրայելի բնակչությունը շատ էր, ինչպես ավազը ծովեզերքին. նրանք ուտում էին, խմում և ուրախանում։
21 Եվ Սողոմոնն իշխում էր բոլոր թագավորությունների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը և Եգիպտոսի սահմանը. սրանք ընծաներ էին բերում և ծառայում Սողոմոնին նրա կյանքի բոլոր օրերին։
22 Սողոմոնի մեկ օրվա պարենը երեսուն քոռ նաշիհ էր և վաթսուն քոռ ալյուր,
23 տասը գեր արջառ, արոտավայրում սնված քսան արջառ և հարյուր ոչխար, բացի եղջերուներից, այծյամներից ու վիթերից և գիրացրած հավազգիներից,
24 որովհետև նա իշխում էր գետի այս կողմի բոլոր տարածքների վրա՝ Թափսայից մինչև Գազա, և գետի այս կողմի բոլոր թագավորների վրա, և խաղաղություն էր տիրում իրեն հպատակ շրջակա բոլոր երկրներում։
25 Հուդան ու Իսրայելը բնակվում էին ապահով, ամեն մարդ իր որթատունկի ու թզենու տակ՝ Դանից մինչև Բերսաբեե՝ Սողոմոնի թագավորության բոլոր օրերին։
26 Եվ Սողոմոնն իր կառքի ձիերի համար քառասուն հազար ախոռ ուներ և տասներկու հազար ձիավոր։
27 Եվ այն գործակալները, յուրաքանչյուրն իր ամսին, առանց մի բան պակասեցնելու, պարեն էին տալիս Սողոմոն թագավորին և բոլոր նրանց, ովքեր սեղան էին նստում նրա հետ։
28 Եվ յուրաքանչյուրն իր հարկի չափով՝ գարին ու դարմանը ձիերի և լծկան երիվարների համար բերում էին այնտեղ, որտեղ գտնվում էին նրանք։
29 Աստված Սողոմոնին իմաստություն և շատ մեծ հանճար տվեց և սրտի լայնախոհություն՝ ծովի եզերքի ավազի չափ։
30 Եվ Սողոմոնի իմաստությունն ավելի շատ էր բոլոր արևելցիների իմաստությունից և ամբողջ Եգիպտոսի իմաստությունից։
31 Նա բոլոր մարդկանցից իմաստուն էր. եզրահեցի Եթանից, Մավուլի որդիներ Եմանից, Քալքոլից և Դարդայից. և նրա անունը տարածվել էր շրջակա բոլոր ազգերի մեջ։
32 Նա երեք հազար առակ է ասել, իսկ նրա երգերը հազար հինգն էին։
33 Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչև պատի վրա բուսնող զոպան, խոսել է նաև կենդանիների և թռչունների, զեռունների և ձկների մասին։
34 Եվ բոլոր ազգերից մարդիկ էին գալիս՝ լսելու Սողոմոնի իմաստությունը, և երկրի բոլոր թագավորներից, որոնք լսել էին նրա իմաստության համբավը։